«Պետք չէ միշտ չոչ անել. բիզնեսի ավտոմատացումը առաջընթացի ամենակարևոր զենքերից է» Վահե Այվազյան:

18
Aug.
2016
Anna Balyan

Ayvazyan & Partners ընկերության հիմնադիր եւ բիզնես փորձագետ Վահե Այվազյանի դիտարկմամբ` եթե արտասահմանյան ծրագրավորող ընկերությունը Հայաստանում է արտադրում այն, ինչը արտասահմանյանի անունով է մեզ վաճառում, ուրեմն ճիշտ կլինի հենց տեղական արտադրության ավտոմատացման ծրագրեր գնել:

_ Ինձ տպավորեց սոցիալական ցանցերից մեկում Ձեր գրառումը,  որ Ձեր անունը <<Ֆորբս>>-ում կտեսնենք. այսպիսի տրամադրվածությունը անհրաժե՞շտ է բիզնես սկսելիս:

_Անհրաժեշտ է, բայց պարտադիր չէ: Դա իմ երազանքն է. եթե չես երազում, չես կարող լուրջ բան ստեղծել, մի քիչ պիտի խելառ լինես, որ կարողանաս որեւէ բան ստեղծել:

_ <<Այվազյան ընդ փարթնյորս>> խորհրդատվական ընկերությունը հայկական բիզնես-ներկայացուցիչների հետ շփվելիս`  ի՞նչ եզրակացության է գալիս. ի՞նչ է պետք բիզնեսում հաջողության հասնելու համար, ի՞նչ թերություններ կան. խորհրդատվական ընկերության ղեկավարի խորհուրդը ո՞րն է:

_ Մեր կարգախոսն է. <<Մենք խորհրդատվական ընկերություն չենք, մենք <<Այվազյան ընդ փարթնյորս>>-ն ենք>>: Թերությունները տարբեր ընկերություններում տարբեր են. դեմոտիվացված աշխատուժ, բիզնեսի ավտոմատացումը շատ ցածր մակարդակի վրա է, բիզնեսներ կան` գրեթե չկա, շատերը չեն հասկանում դրա կարեւորությունը, թերություն է որակավորում չունեցող աշխատուժ ունենալը, մյուս կողմից, թերություն է շուկայի փոքր լինելը, դրա հետեւանքով` ոչ գնողունակ բիզնես ունենալը, որ հնարավորություն կտար ավելի լավ կադրեր ունենալ: Բիզնեսի շարժիչ ուժը կադրն է. ամենամեծ թերությունը Հայաստանում կադր չունենալն է բիզնեսմենի համար:

_Բայց չէ՞ որ ամբողջ աշխարհից Հայաստանում <<ուղեղներ են որսում>>, ինչո՞ւ մեր երկրում կադրի խնդիր կա:

_Դե, եթե այստեղից գնում է աշխատուժը, բնականաբար սերուցքը գնում է, լավ մասը գնում է:

_ Այսուհանդերձ, շատ բիզնեսներ որոշում են ավտոմատացնել աշխատանքը, բայց  չգիտեն ինչից սկսել: Ի՞նչ խորհուրդ կտաք` ինչպե՞ս ընտրել ավտոմատացման համակարգ:

_Նախ` պետք է հասկանալ արդյո՞ք դրա կարիքը կա եւ ինչքանով: Ասենք, կարող է լինել կիսաավտոմատացում` որոշ պրոցեսների ավտոմատացում: Պետք է կարեւորություն տալ նախ` ծրագրի ֆունկցիոնալին. ինչ ես ուզում եւ ինչքանով կպատասխանի քո հարցերին տվյալ ծրագիրը` հասարակ հաշվապահական ծրագրերից սկսած մինչեւ CRM, որ Մեր Սոֆթ ընկերությունն է ստեղծում:  Երկրորդ` արտադրողն ով է, ինչ պատմություն ունի, ինչ պորտֆոլիո ունի, ում հետ են աշխատել, ովքեր են վստահել իրենց: Հետո, շատ կարեւոր է, որ կոնկրետ այդ ծրագրեր արտադրող ընկերությունը, եթե ստեղծել է ծրագիր, որը վաճառքի, մարքեթինգի հետ կապ ունի, հասկանա վաճառքից ու մարքեթինգից, ոչ թե լինի զուտ ծրագրավորող: Ես միշտ ասել եմ` Մեր Սոֆթի առավելությունն այդ է. իրենք վաճառքից շատ լավ հասկանում են, իրենք գիտեն ինչ է պետք բիզնեսմենին` ծրագիրը հարմարեցնում են դրան:

_Արտասահմանյան ու տեղական արտադրության ավտոմատացման ծրագրերից ո՞րն է նախընտրելի մեր երկրի  բիզնեսի համար:

_ ՏՏ ոլորտը զարգանալով` ստիպեց հայ բիզնեսմենին, որ ընտրի հայկականը, կարեւորություն տա հայկականին: Մեկ-մեկ շեշտում են ազգային գործոնը, բայց չեմ կարծում. եթե մեր պրոդուկտները վատը լինելին, պարզապես ազգասիրական միտումներից ելնելով հայը չէր ընտրի հայկականը. լավն է` ընտրում ենք, գինն էլ շատ հարմար է: Արտասահմանյան շատ ընկերությունների ներկայացուցչություններ կան Հայաստանում, որոնց հիմնական նպատակը որակյալ եւ էժան աշխատուժ գտնելն է. Հայաստանում ուղեղները շատ են` հատկապես ՏՏ ոլորտում` կիբերռնետիկները, մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, աշխատուժը էժան է: Ինչո՞ւ չընտրել հայկականը, եթե արտասահմանյան ծրագրավորող ընկերությունը Հայաստանում ունի ներկայացուցչություն եւ Հայաստանում է արտադրոմ այն, ինչը արտասահմանյանի անունով է մեզ վաճառում:

_ Թերեւս, լեզվական գործոնը եւս դեր է խաղում. հայերեն ծրագիր ունենալը,   հավանաբար, ավելի հարմար է:

_ Իհարկե, շատ մեծ առավելություն է նաեւ հայերեն ունենալը: <<Մեր Սոֆթի>> ծրագրերը եւ հայերեն են, եւ այն լեզվով, ինչով ուզենք: Դա արդեն մեծ առավելություն է:

_Ո՞ր բիզնես-պրոցեսները պետք է ավտոմատացնել առաջնահերթ:

_Բիզնեսն արվում է փողի համար. Նախ` պետք է վերահսկողությունը շատ ճիշտ լինի, որ ֆինանսները ճիշտ կառավարվեն` ճիշտ գան, ճիշտ գնան: Այն, ինչ կապված է փողի եւ նրա կառավարման հետ. սկսած պահեստից` ապրանքն էլ է փող, որ մտնում է պահեստ. Պահեստի կառավարման ծրագրերը շատ լավ կլինեին: Որտեղից  է գալիս փողը` հաճախորդից. Հաճախորդի հետ աշխատանքի ծրագրերը շատ լավ կլինեին` CRM  ծրագիրն, օրինակ:  Ներքին բիզնես պրոցեսների ավտոմատացում` դեբետ, կրեդիտ` հաշվապահական հատվածը, որը էլի փողի հետ կապ ունի. առաջինը պետք է սկսել փողի կառավարումից, որ արտահոսքերից խուսափենք` փողի կորուստ չլինի: Առաջնահերթ նման ծրագրերը պետք է կիրառել:

_Մարդիկ, որպես կանոն, դժվարությամբ են հրաժարվում սովորույթներից. սովորույթի ուժով էլ բիզնես են անում. մասնավորապես, շատերը թուղթ ու գրիչը գերադասում են օնլայն շտեմարաններից. հնարավոր է այս համոզմունքներով բիզնեսում առաջ գնալ:

_Առաջ շարժվել հնարավոր է, բայց առաջինը լինել հնարավոր չէ, երկրորդը, երրորդն էլ լինել հնարավոր չէ: Երբ որ փոքրիկը չոչ է անում, էլի առաջ է շարժվում... բայց պատկերացրեք, որ մարդիկ միշտ չոչ անեին: Մարդիկ հետո քայլում են, խելացիները ավելի արագ են քայլում: Պետք չէ միշտ չոչ անել, դա աննորմալ է, պետք է զարգանալ ժամանակին համընթաց, պետք է մրցակիցներից առաջ ընկնել, իսկ ավտոմատացումը առաջընթացի ամենակարեւոր զենքերից է:

_Կար ժամանակ, որ բանաստեղծություններ էիք գրում. այսօր բիզնես ոլորտում եք. ըստ էության, բանաստեղծությունը սեղմ սահմանում շատ բան ասելու վարպետություն է. բիզնեսում այդ ֆունկցիան կարծես ավտոմատացման ծրագրերն են ստանձնում` քիչ ռեսուրսով մեծ գործ անելու ֆունկցիան: Կա՞ ընդհանրություն ձեր դիտարկմամբ:

 _Բանաստեղծություններ հիմա էլ եմ գրում, առաջ նկարել եմ, հիմա չեմ նկարում: Բիզնեսի ավտոմատացումը ավելի շատ կնմանեցնեի գեղանկարչությանը` ամեն դետալ իր տեղը... իմ գեղանկարչության դասատուն` Գաթերջյան Վահրամը միշտ սովորեցնում էր` եթե կարող ես այստեղ սպիտակ թուղթ օգտագործել ու ներկ չօգտագործել, օրինակ, սպիտակ գուաշ, էդպես արա, այլապես չէր ընդունում, ինչքան էլ լավ նկար նկարած լինեի, եթե կարող էի թուղթն օգտագործել ու գուաշ էի օգտագործած լինում, չէր ընդունում, ասում էր` լավ նկար չէ: Այնպես որ, բիզնեսի ավտոմատացումը ավելի շատ կտավի հետ կհամեմատեի` ամեն ինչ իր տեղը պիտի լինի, պիտի ճշգրիտ լինի: Ամենակարեւորը` ինֆորմացիան ճիշտ մուտքագրելն է, եթե գեղանկարչության մեջ նայենք` ճիշտ  բաց օգտագործել ճիշտ տեղում: Դրանից հետո արդեն վերլուծություններն իրենց գործը կանեն, ծրագիրն իր գործը կանի: Հայաստանում ավտոմատացման ծրագրերի 7-10-13 տոկոսն են մաքսիմում օգտագործում: Ամբողջությամբ, գոնե կիսով չափ չեն օգտագործում: Պատճառը` տվյալների բազայի ոչ լիարժեք մուտքագրումներն են, երկրորդ` մարդկանց ալարկոտությունը, երրորդ` ծրագիրն օգտագործելու գրագիտության պակասը: Եթե կան մարդիկ, որ կվիրավորվեն, որ ասացի` գրագիտության պակասը, թող ընդունեն, որ իրենք ուղղակի չեն հասցնում...  

Share