«Ինչ հնարավոր է ավտոմատացնել, պետք է ավտոմատացնել» հարցազրույց Գրիգոր Առաքելյանի հետ

15
Aug.
2016
Anna Balyan

Գրիգոր Առաքելյան Գործարար ,Առաքելյան Փարթներս Քոնսալթինգի համահիմնադիր, բիզնես թրեյներ Գրիգոր Առաքելյանի փորձագիտական կարծիքը բիզնեսի ավտոմատացման մասին

_Ձեր թրեյնինգները երաշխավորում են հաջողություն. բիզնեսում հաջողելու համար ժամանակակից աշխարհում ի՞նչ մեխանիզմներ կան, որ նախկինում դժվար էր երազել անգամ:
_ 21-րդ դարը երկրորդ  90-ականներն են՝ բիզնեսի հնարավորությունների մասով, ուղղակի եթե  1990-ականներին բիզնեսում աշխատում էին շատ ագրեսիվ գործիքներ, ասենք, ինքնաձիգով կարող էր բիզնես կիսվել, շուկա բաժանվել, կամ ռեկետով կամ վարչական այլ լծակներով,  ապա 21-րդ դարում իրերի դրությունը լրիվ փոխվել է.  նույն մեխանիզմները վաղուց էլ չեն աշխատում կամ գրեթե չեն աշխատում. հիմա աշխատում են արդեն հստակ մարքեթինգի, մենեջմենթի, ավտոմատացման ու այլ գործիքներ: Ու մի քանի երիտասարդ իրենց սենյակներում փակված՝ շուկաներ են գրավում, շուկաներ են մտնում՝ շատ ժամանակ շրջանցելով այդ ավտոմատավոր գործարարների վտանգները  մտնում են նրանց շուկա, նրանց շուկայում նրանց հետ պայքարում են ու իրենց շուկան իրենցից վերցնում են: 
_Աշխարհում աշխատում են արհեստական ինտելեկտ ստեղծելու ուղղությամբ. Կարելի՞  է բիզնեսի ավտոմատացումը համարել արհեստական ինտելեկտի մի օրինակ. ի վերջո, ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են գործարարի փոխարեն հիշում դետալները, տարբեր վերլուծություններ կատարում եւ մղում գործողությունների:
_ Ավտոմատացման համակարգերը 21-րդ դարի բիզնեսի հնարավորություններից  են հենց: Ուղղակի ավտոմատացում ասելով՝  ես կուզեի, որ հասկանայինք ավելի լայն.  ասենք,  շատ ժամանակ մենք ավտոմատացում ասելով՝ հասկանում ենք 1ԷՍ, ՀԾ կամ նմանատիպ այլ ծրագրերը: Իհարկե, ավտոմատացումը դա չէ, ավտոմատացումը ավելի լայն իմաստ ունի, ավտոմատացումը այն է, որ կրկնվող պրոցեսները գործարարի փոխարեն անում է ծրագիրը: Կամ ինչո՞ւ միայն գործարարի, մարդու փոխարեն անում է ծրագիրը: Արդյունքում ե՛ւ նվազում են ծախսերը տվյալ պրոյեկտի, ե՛ւ բարձրանում է էֆեկտիվությունը, որովհետեւ ծրագիրը չի հոգնում, ծրագիրը չի հանգստանում, ծրագիրը աշխատանքից դուրս գալիս՝  վերջնահաշվարկ չի ուզում /ինչպես սիրում են ասել գործարարները/ : Ավտոմատացումը հեշտացնում է բոլորի աշխատանքը, բիզնեսի կրկնվող պրոցեսները անում է անխափան. բիզնեսին ի՞նչ է մնում` միայն աճել:  Այդ դեպքում, ավտոմատացման համակարգերը հենց այդ գործիքներից` ամենակարեւորներից են, չկիրառել ուղղակի չի կարելի: Դրա համար ավելի զարգացած երկրներում` ԱՄՆ-ում, ավտոմատացում ասելով նկատի ունեն, որ այն, ինչ հնարավոր է ավտոմատացնել, պետք է ավտոմատացնել: Այսինքն, տեսնում ես կազմակերպություն, որտեղ 5 աշխատողով աշխատում են 10 միլիոն դոլար, օրինակ: Իսկ Հայաստանում կամ Ռուսաստանում մոդելը այլ է. Հայաստանում մարդիկ հպարտանում են, որ իրենց կազմակերպությունում, օրինակ, աշխատում է 200 հոգի կամ աշխատում է 500 հոգի: Իհարկե, հպարտանալու տեղիք պետք է տա ավելի քիչ ռեսուրսով ավելի մեծ արդյունք ստանալը, որը կոնկրետ ավտոմատացման դեպքում լրիվ հնարավոր է: 
_Բիզնեսի ավտոմատացված կառավարումը հնարավորություն է տալիս աշխատակիցներին, հաճախորդներին, արտադրական ու սպառման գործընթացը ընկալել մեկ ընդհանուր շղթայի մեջ. ի՞նչ է դա փոխում ընկերության կյանքում: 
_ Դա ընկերությունում առաջինը` կադրերի վրա կատարված ծախսերի նվազեցման է տանում, երկրորդը` եթե հնարավոր է ավտոմատացնել ինչ-որ պրոցես, օրինակ, վաճառքի պրոցեսը, CRM-ով եթե հնարավոր է ավտոմատացնել, ապա մենք ունենում ենք ստաբիլ լավ արդյունք, որովհետեւ տրամադրության փոփոխման հետ կապված մարդը կարող է տարբեր ձեւով խոսել հաճախորդի հետ, բայց եթե այդ պրոցեսը ավտոմատացնում ենք, դնում ենք մի շատ բարձր աստիճան հաճախորդների սպասարկման, ինքը միշտ նույն մակարդակի սպասարկում է, երբեմն նույնիսկ ավելի լավ: Այսինք, տրամադրությւոնից կախված չէ: Իհարկե այստեղ կա նաեւ թերություն, որովհետեւ այն ինչ անում է մարդկային շփումը, մարդկային հոգատարությունը, էներգիան, դա չի կարող անել ծրագիրը:
_Ամեն դեպքում,  թերությո՞ւնն է շատ, թե՞ առավելությունը:
_Իհարկե առավելությունն է շատ. Ես շեշտեցի` սա շատ կարեւոր պահ է. Կարելի է ավտոմատացնել այն, ինչը կարելի է ավտոմատացնել, այսինքն չի կարելի ավտոմատացնել այն, ինչը պետք է անի մարդը, ինչը հնարավոր չէ փոխարինել: Այսինքն, պետք չէ ստեղծել շփման իմիտացիա:  Մարդու էներգետիկան վերցնել, փոխարինել ինչ-որ ծրագրով ու ասել` մենք ավտոմատացրինք, ոչ:  Իհարկե, ավտոմատացման այս արագ տեմպերի պայմաններում՝ աշխարհում չի ավտոմատացվելու այն, ինչը կապված է մարդու էներգետիկայի եւ մարդու կրեատիվության եւ ստեղծարարության հետ: 
_Արվեստի, գրականության գործիչների հետ խոսելիս՝  առանձնանում է  2 կատեգորիա. նրանք, ովքեր ասում են, որ ստեղծագործում են վերին մղումով` այսպես կոչված <մուսայով>` ներշնչանքով, եւ մյուսները, որ գիտեն մեխանիզմը` տեխնիկան եւ հետեւելով դրան քայլ առ քայլ հասնում են կատարելության: Ինչպես է բիզնեսում.  հնարավո՞ր է որոշակի բիզնես գործընթացների  հետեւելով ` հասնել մեծ եկամտի, թե՞ դա բնատուր տաղանդ է պահանջում:
_ Ես կպատասխանեմ ձեր հարցին Ստանիսլավսկու մոտեցմամբ. Ստանիսլավսկին երբ դերասանների հետ աշխատել է, առաջարկել է սխեմա եւ դերասաններին հանձնարարել, որ հենց այդ սխեմայի ներսում ստեղծագործեն: Երբեմն հենց սխեման նպաստում  է ստեղծագործական պոտենցիալի աճին: Եթե չկա սխեմա, չկան սահմաններ… ինչպես Ստանիսլավսկին է ասում՝  դնելով սահմաններ խթանում եք մեկ այլ տեղ ստեղծագործական էներգիայի պոռթկմանը:  Այսինքն, փակելով ինչ-որ մի տեղ՝ մյուս տեղում նպաստում ենք: Նույնը նաեւ բիզնեսում է. այսինքն, իհարկե կան բիզնեսում հստակ քայլեր` 1,2,3  ու դու ստանում ես արդյունք: Այ այդ հստակ սխեմայի ներսում եւ, իհարկե, նաեւ դուրս դու կարող ես ստեղծագործել եւ պետք է ստեղծագործես:  Ու, ինչպես Ստանիսլավսկին է ասում, ինքը՝ պրոցեսի կմախքը,  նպաստում է ստեղծարարության աճին:  

_Ի՞նչ արժե ժամանակը բիզնեսմենի համար. արդյո՞ք  կարեւոր է ժամանակը խնայել` նաեւ ավտոմատացման համակարգերի կիրառմամբ: 
_ Ժամանակը փողի նման է. ժամանակը պետք չի խնայել, ժամանակը պետք է ներդնել: Որովհետեւ խնայելիս՝ դու անընդհատ կորցնում ես ե՛ւ փողը, ե՛ւ ժամանակը, իսկ ներդնելիս՝ շատանում է: Գործարարը երբեք չի խնայում, գործարարը կա՛մ ներդնում է, կա՛մ ծախսում: Այս պարագայում, իհարկե, ես կասեմ, որ պետք է ներդնել: Ինչ վերաբերում է CRM-ին, CRM -ը տալիս է գործարարին ժամանակ, որն ինքը կարող է ներդնել այլ պրոցեսների մեջ: CRM -ը մարդու համար ստեղծում է ազատ ռեսուրս` ժամանակի տեսքով… եվ ոչ միայն ժամանակի, իհարկե: 
_Դուք տեղյակ եք հաշվապահության ոլորտից, հետեւաբար գիտեք ճշգրտության գինը: Կառավարման ավտոմատացումը նաեւ ճշգրիտ ու ամբողջական տվյալների բազա է բիզնեսմենի ձեռքի տակ.  արդյո՞ք սա կարեւոր է  հաջողության հասնելու հարցում: 
_Ինչ հնարավոր չէ չափել, հնարավոր չէ վերահսկել: Եթե մենք ինչ-որ պրոցես չենք չափում՝ թվային տեսքի չենք բերում, ուրեմն այդ պրոցեսի նկատմամբ վերահսկողություն չունենք: Ասենք, բժշկության մեջ էլ է այդպես. որպեսզի ճնշումը կարգավորվի, պետք է առաջին հերթին չափվի` ճի՞շտ է: Կամ որպեսզի արյան մեջ ինչ-որ կոմպոնենտի շեղումը կարգավորվի, պետք է նախ չափվեն բոլոր կոմպոնենտների քանակը արյան մեջ, կամ ջերմությունը…. Ամեն, ամեն ինչ կյանքում, բնության մեջ, եթե չենք չափում, չենք կարող վերահսկել: Հիմա բիզնեսում. եթե դու չես չափում մեկ հաճախորդի ներգրավման գինը,  նույնիսկ մեկ  քլիքի գինը քո կայքի վրա, դու ո՞նց կարաս չափես, ո՞նց կարաս վերահսկես, ո՞նց կարաս կարգավորես, ո՞նց կարաս շատացնես. բնականաբար ամեն ինչ պետք է չափել: Բնականաբար ամեն ինչ պետք է չափել բիզնեսում. ամեն ծախս, ամեն ցենտ, ամեն քայլ պետք է բերվի դրամային տեսքի եւ չափվի: Իսկ CRM -ը այդ առումով իդեալական է. դու կարողանում ես ամեն ինչ չափել, հետեւաբար վերահսկել, ավելացնել կամ քչացնել: 
_Բիզնեսի ավտոմատացման շուկան որքանո՞վ է կայացած Հայաստանում: Կա՞ն ընկերություններ, որոնք արժանի համակարգեր են մշակում: 
_ Բիզնեսի ավտոմատացման առումով   Հայաստանում, իհարկե, շատ գործ կա դեռ անելու՝  համեմատած ավելի զարգացած երկրների: Բայց այն, ինչ այսօր ունենք, դա էլ քիչ չէ ու ամբողջ խնդիրն այն է, որ դա էլ չի օգտագործվում մեր գործարարների կողմից: Ավտոմատացման առաջամարտիկներից է Մեր Սոֆթ ընկերությունը, որի CRM -ը մեր կազմակերպությունն օգտագործում է: Ավտոմատացում ասելով՝  նշեցի, որ մարդկանց աշխատանքն է վերցնում իր վրա ու անում, բայց ավտամատացումը կարելի է դիտարկել որպես վաճառքի գործիք, որպես մարքեթինգի գործիք, որպես կազմակերպության ո՛չ թե ծախսերը խնայելու, այլ շահույթն  ավելացնելու գործիք:  CRM -ի համար հատկացված գումարը  ներդրում է, որը ունի կոնկրետ շահութաբերության տոկոս` կոնկրետ ժամանակի կտրվածքով: 

Share