Բիզնեսի կառավարման ծրագրային ապահովում կամ ձեռնարկության կառավարման ավտոմատացված համակարգեր

6
Apr.
2016
Anna Balyan
ERP

 Բիզնեսի կառավարման ծրագրային ապահովում կամ ձեռնարկության կառավարման ավտոմատացված համակարգեր

Ավտոմատացված կառավարման համակարգ կամ բիզնեսի կառավարման ծրագրային ապահովում ներդնելիս պետք է մտածել այնքան խորն ու մանրակրկիտ, ինչպես, ասենք, նոր հոսքագիծ կամ արտադրամաս հիմնելիս. այն պետք է ընկերության միջոցների ռազմավարական ներդրում լինի բիզնես պրոցեսում, որը այնքան կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը, որ ծախսը կարդարացվի:

Ինտեգրացված ինֆորմացիոն համակարգեր կամ ավտոմատացված համակարգեր փնտրելիս հաճախ հանդիպում ենք այս հապավումներին. ERP, MRP, MRPII եւ այլն: Շատերս գիտենք, որ այս անվանումները ենթադրում են  հաշվապահական հաշվառում, պահեստների կառավարում, ռեսուրսների խնայում եւ այլն: Իսկ ինչ են իրականում ավտոմատացված համակարգերը. հիմա կհասկանանք:

Երբ անցյալ դարի 40-50-ական թվականներին կոմերցիոն կազմակերպություններում հայտնվեցին առաջին համակարգիչները, հաշվառման տեղեկագրերի, փաստաթղթաշրջանառության, հաշվապահական տվյալների փոխանցումը մի ներդիրից մյուսը թվում էր հսկայական քայլ առաջ: 1980-ականներին անհատական համակարգիչները անգամ ամենափոքր ընկերություններին հնարավորություն տվին հավաքել եւ վերլուծել ինֆորմացիան:

Բայց արդյունաբերողների ուշադրությունը գրավեց ընկերության ներսում տվյալների միասնական մոդել ստեղծելու համարձակ գաղափարը, որով հնարավոր կլիներ պարզեցնել արտադրական պրոցեսի կառավարումը: Այդ ուղղությամբ առաջին քայլը դարձավ MRP-ն՝ նյութական ռեսուրսների պլանավորումը (Materials Resource Planning),  որը երթադրում է  միայն արտադրության համար անհրաժեշտ նյութերի պլանավորում: Այդպիսի օրինակ է ՚՚10 ավտոմոբիլ արտադրելու համար անհրաժեշտ է 50 անիվ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ որոշակի ժամկետում ՙ:

Մինչդեռ MRP-ն լուրջ թերություն ուներ՝ հաշվի չէր առնում արտադրական հզորությունները, աշխատուժի արժեքը եւ այլն: Այդ պատճառով ի հայտ եկավ MRP II կոնցեպցիան (Manufacturing Resource Planing – արտադրական ռեսուրսների պլանավորում): MRP II-ը հնարավորություն էր տալիս պլանավորել ընկերության արտադրական բոլոր ռեսուրսները՝ հումքը, նյութերը, սարքավորումները, անձնակազմը:

Հետագայում MRP II կոնցեպցիան կատարելագործվեց ու դրան աստիճանաբար ավելացան ընկերության մնացած ծախսերի հաշվառման հնարավորությունները. ի հայտ եկավ ERP կոնցեպցիան՝ (Enterprise Resource Planning – ընկերության ռեսուրսների պլանավորումը), որը երբեմն կոչում են նաեւ ՚ձեռնարկության մասշտաբով ռեսուրսների պլանավորում՚ (Enterprise-wide Resource Planning):

ERP-ի հիմքում տվյալների համընդհանուր շտեմարան (repository) ստեղծելն է, որը կընդգրկի գործնական ամբողջ տեղեկատվությունը, որը կուտակել է ընկերությունը բանակցությունների ընթացքում՝ ներառյալ ֆինանսական ինֆորմացիան, արտադրության, անձնակազմի կառավարման տվյալները եւ ցանկացած այլ ինֆորմացիա:

Դա վերացնում է՝ տվյալները մի համակարգից մյուսը տեղափոխելու անհրաժեշտությունը: Բացի այդ, ընկերության տիրապետած տեղեկատվության ցանկացած բաժին կարող է հասանելի դառնալ միաժամանակ բոլոր աշխատակիցներին, ովքեր ունեն այդ լիազորությունը:

ERP համակարգը այժմ շատ տարածված է արտադրական սեկտորում, քանի որ ռեսուրսների պլանավորումը հնարավորություն է տալիս կրճատել արտադրանքի թողարկման ժամկետը, կրճատել ապրանքանյութական պահուստները, ինչպես նաեւ բարելավել հետադարձ կապը սպառողների հետ՝ կրճատելով նաեւ ադմինիստրատիվ ապարատը: Ժամանակակից գրեթե բոլոր արտադրական համակարգերը եւ արտադրության կառավարման հիմնական համակարգերը հիմնվում են ERP կոնցեպցիայի վրա եւ համապատասխանում են դրա պահանջներին:

Ժամանակագրական առումով՝ ամենաարդիականը  CSRP (Customer Synchronized Resource Planning) ստանդարտն է, որը ներառում է նաեւ հաճախորդների հետ հարաբերությունները. պատվերի հայտի ձեւակերպում, հանձնարարական, պատվիրատուի սպասարկում տեղում եւ այլն: Այսպիսով, եթե MRP, MRP-II, ERP համակարգերը կենտրոնանում են ընկերության ներքին կառավարման վրա, ապա  CSRP-ն ընդգրկում է ամբողջական շղթան՝ ապագա արտադրանքի նախագծումից՝ հաշվի առնելով պատվիրատուի պահանջները, մինչեւ երաշխիքային սպասարկում՝ վաճառքից հետո:

CSRP համակարգի էությունը պատվիրատուին ինտեգրելն է ընկերության կառավարման համակարգ: Այսինքն, ոչ թե սպառման բաժինը, այլ հենց գնորդն է անմիջականորեն պատվիրում արտադրանքը, հետեւապես ինքն էլ  պատասխանատու է դրա ճշգրտության համար, անձամբ կարող է հետեւել արտադրության ժամկետին եւ այլն: Միեւնույն ժամանակ, ընկերությունը կարող է հստակ հետեւել պահանջարկի միտումներին:

Կառավարման ավտոմատացված համակարգերի համաշխարհային շուկան արագ աճում է՝ 35% - 40% ամեն տարի: Այսօր Հայաստանում մոտ մեկ տասնյակ արտասահմանյան եւ երեք-չորս տեղական ընկերություններ են առաջարկում ավտոմատացված համակարգեր: Հայրենական ձեռնարկություններին մինչեւ վերջերս գրեթե ՙվախեցնում՚ էին ERP ստանդարտի համակարգերը՝ իրենց հավելյալ գործառույթներով ու թանկությամբ. այսուհանդերձ, թանկ են միայն արտասահմանյան բարձր-տեխնոլոգիական ընկերությունների մշակած համակարգերը: Իսկապես, բացի բարձր գնից, այդ ընկերությունների համակարգերի ներդրումը եւս բարդ է Հայաստանի պայմաններում. նախ՝ մեզ մոտ մասնագետներ չկան, երկրորդ, այդ համակարգերը ներդնելուց հետո բիզնեսը պետք է  հիմնովին փոխի իր ընկերության կառավարումը:

Այդ մակարդակի ERP համակարգի առավելությունը և  միաժամանակ թերությունը ունիվերսալ լինելն է. այլ խոսքով ՙգիգանտները՚ ռեֆերենտ մոդելներ ունեն ցանկացած տիպի արտադրական գործընթացի համար, իսկ ավտոմատացված աշխատատեղերի քանակը որոշվում է բացառապես պատվիրատուի ֆինանսական հնարավորություններով: Բայց անգամ այդ հնարավորությունները պետք է լինեն հսկայական. այդպիսի նախագիծը արժե առնվազն 500 հազար դոլար, իսկ առավել հաճախ՝ մի քանի միլիոն:

Միջին եւ փոքր բիզնեսի համար ավելի հարմար են ERP այլ համակարգեր: Խոսքը տարեկան 1-10 միլիոն դոլար շրջանառությամբ եւ 50-1000 աշխատատեղ ունեցող ընկերությունների մասին է: Այդպիսի ընկերությունների համար տեղական արտադրողների մշակած համակարգերի ներդրման հիմնական գինը հասանելի է գրեթե բոլորին: Հայաստանում տեղական արտադրողներ կան, որ առաջարկում են ավտոմատացված կառավարման համակարգեր՝ հարմարեցված հայաստանյան բիզնեսի օրինաչափություններին:

Համաշխարհային պրակտիկայում բիզնեսի ավտոմատացված կառավարման համակարգերի կամ ծրագրային ապահովման ընտրությանը մեծ նշանակություն է տրվում: Ընկերությունը նախ եւ առաջ պետք է հաշվի առնի՝ ինչ ակնկալիք ունի նոր ավտոմատացված կառավարման համակարգից. ինչ գործառույթներ եւ արտադրության ինչ տեսակներ պետք է այն ընդգրկի, տեխնիկական ինչ պլատֆորմ պետք է կիրառի, ինչ հաշվետվություններ պատրաստի եւ այլն: Սա ստեղծում է օբյեկտիվ չափորոշիչներ, որոնցով կարելի է համեմատել առաջարկվող կառավարման համակարգերը եւ ճիշտ ընտրություն կատարել: Ի վերջո, ձեռնարկության կառավարման ավտոմատացված համակարգերից յուրաքանչյուրը ընդամենը միջոց է՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու եւ ռազմավարական ու մարտավարական ճշգրիտ որոշումներ կայացնելու համար՝ արդիական եւ ճշգրիտ տեղեկատվության հիմքով, որը տրամադրում են համակարգիչները:

Ավելին կարող եք կարդալ՝ 

Share